Տարեհաց

Տարեհացի խորհրդանշանային կիրառում եւ նախշազարդումը տարածված է առանձին ընտանիքներում, մասնավորապես, արեւելահայոց միջավայրում:
Տարեհաց (հայերեն բառացի նշանակում է տարի-հաց), հայկական ազգային հաց է, ավանդաբար թխվում է Հայաստանում և հայկական սփյուռքում նոր տարվա կամ սուրբ ծննդի նախօրյակին։
Ավանդության համաձայն այն թխում էին տան տարեց կանայք: Տարեհացի թխումը մեծ արարողություն էր: Նրա մեջ դնում էին ոսկի կամ մետաղադրամ: Գաթան կտրում են սուրբ ծննդի գիշերը, երբ սեղանի կողքին հավաքված են լինում ընտանիքի բոլոր անդամները:
Պատրաստի հացն իրենից ներկայացնում է օղագոտու վրա փոսիկներ ունեցող կլոր հաց, այն խորհրդանշում է պտղաբերությունն ու հարստությունը։ Տարեհացի երեսը սերմերով ու մրգերով զարդարելը խորհրդանշում է տարվա հացի և մրգերի առատության գաղափարը: Երջանկության համար տարեհացի մեջ է դրվել մետաղադրամ կամ լոբու հատիկ և թխվել, իսկ հացը բաժանվել է տոնակատարության ժամանակ։ Համարվել է, որ նրան, ում տոնակատարության ժամանակ բաժին է հասնում լոբին, ապագա տարին կբերի երջանկություն և հարստություն։ Տարեհացի մեծություն կախված է ընտանիքի անդամների թվից:
Առաջին հիշատակությունները հանդիպում են 19-րդ դարի երկրորդ կեսին (Ե. Շահազիզ, Ե. Լալայան, Ա. Ահարոնյան, Քաջբերունի):
Ժողովրդական տոնածիսական, խորհրդանշանային համալիրի բաղկացուցիչ տարր է: Պատրաստման գիտելիքները, հմտությունները փոխանցվում են ժառանգաբար:
Տարեհացը կլոր է կամ ձվաձեւ` մոտավորապես 30-40սմ տրամագծով: Հայաստանի մի շարք շրջաններում հայտնի է եղել նաեւ այլ անուններով` կրկենե, կրկենի, դովլաթ կրկենի, միջնակ կլոճ, միջինք եւ այլն: Հացը կտրվում է Նոր տարուն (տարբերակներ` Մեծ պասի կեսին` միջինքին) եւ բաժանվում տան անդամներին: Հացի զարդանախշերը խորհրդանշորեն կապվում են տիեզերածնության, արարչագործության ու սերնդաճի գաղափարների հետ եւ այլն:
Տարեհացի մեջ «միջինք» կոչվող որևէ նշան էր դրվում՝ լոբի, սիսեռ, փոքրիկ կորիզ կամ մետաղադրամ՝ տարվա հաջողակի բախտը գուշակելու նպատակով: Կտրում էին տան բոլոր անդամների թվին հավասար՝ հաճախ բաժին հանելով նաեւ տան կենդանիներին: Այլ տեղերում էլ երբեմն տարեհացը բաժանում էին 12 մասի՝ ըստ ամիսների թվի։